Իրանի վրա հարձակումը լուրջ ճնշում է գործադրել համաշխարհային տնտեսության վրա, ինչի համար վճարելու է ողջ աշխարհը։ Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իրանի դեմ հարձակումները լուրջ ճնշում են գործադրում համաշխարհային տնտեսության վրա՝ առաջին հերթին նավթի գների աճի պատճառով։ Հակամարտության մեջ ներգրավված երկրները, ինչպես նաև ողջ աշխարհը պատրաստվում է վճարել հաշիվները։ Եթե այս անիմաստ, սխալ և անօրինական պատերազմը շարունակվի, մարդկային կյանքի ու գույքի է՛լ ավելի մեծ կորուստներ կլինեն, իսկ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասն է՛լ ավելի մեծ կդառնա», - ասել է նա։
Էրդողանը նշել է, որ «այս իրավիճակը պետք է կանգնեցնել նախքան ողջ տարածաշրջանը քաոսի մեջ ներքաշելը»։ «Եթե դիվանագիտությանը հնարավորություն տրվի, դրան հասնելը լիովին հնարավոր է։ Մենք համբերատար կերպով շարունակում ենք ջանքեր գործադրել երկխոսությանն ու բանակցություններին վերադառնալու ուղղությամբ։ Հաշվի առնելով ներկա իրավիճակի նրբությունը՝ մենք գործում ենք շատ զգուշավոր ձևով, որպեսզի պաշտպանենք Թուրքիան մեզ շրջապատող կրակից», - հավելել է Էրդողանը։
Խոսելով Իրանի վրա հարձակումների հետևանքների մասին՝ նա նշել է, որ «Իրանում զոհերի թիվը հասել է 2 հազարի»։ «Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, սպանվել են մահափորձերի հետևանքով։ Իրանը ծանր կորուստներ է կրել նավթ արդյունահանող օբյեկտներին, ջրային և էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքներին հասցված հարվածներից։ Տնտեսական շրջափակման և ծանր պայմաններում գտնվող բնակչությունն այժմ պայքարում է գոյատևման համար՝ ամենօրյա ռմբակոծությունների պայմաններում։ Մենք ցավով տեսնում ենք, որ կանայք, երեխաները, տարեցները և ընդհանուր առմամբ քաղաքացիական բնակչությունը ստիպված են բարձր գին վճարել, չնայած այն բանին, որ նրանք պատասխանատվություն չեն կրում տեղի ունեցածի համար», — մատնանշել է թուրք առաջնորդը։





























