Գերմանիան և Ավստրիան հայտարարել են իրենց նավթային պահուստների մի մասի օգտագործման մասին այն բանից հետո, երբ Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) դիմել է անդամ երկրներին՝ 400 միլիոն բարել նավթը շուկա արտահանելու համար։ Այս քայլի նպատակն է զսպել էներգակիրների գների կտրուկ աճը, որն առաջացել է Իրանի դեմ պատերազմի հետևանքով, հայտնում է AP-ն:
ԷՄԳ անդամ երկրների կողմից ռազմավարական պաշարների նախորդ ամենախոշոր հավաքական արտահանումը կազմել է 182,7 միլիոն բարել։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ցնցումից հետո։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը կօգտագործի իր նավթային պաշարների մի մասը՝ երեքշաբթի երեկոյան ԷՄԳ-ի ուղարկած հարցումից հետո, որը վերաբերում էր «400 միլիոն բարել կամ մի փոքր ավելի քան 54 միլիոն տոննա նավթի պաշարների արտահանումը»։
Ճապոնիան նույնպես հայտնել է, որ երկուշաբթի օրվանից կսկսի արտահանել իր ռազմավարական պաշարների մի մասը։



























