2025 թվականի մարտին մեր երկրում ընդունվեց ԵՄ–ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը ուժի մեջ մտավ 2025 թվականի ապրիլին։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա անվանելով անհավանական փոփոխություն։

Նա, մասնավորապես, նշեց. «Սա քաղաքական բյուրեղացումն է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին այս ամբիոնից իմ արած այն հայտարարության, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։

Հիմա այդ օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական Միության անդամ։ Մեր պատասխանը հստակ է. որևէ երկիր առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Հետևաբար մեր խնդիրն է եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը և նախ օբյեկտիվորեն համապատասխանել Եվրամիության անդամագրման չափանիշներին։

Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ. կամ ԵՄ-ն մեզ կընդունի, որպես լիիրավ, լիարժեք անդամ կա, կամ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ ու նաև քաղաքական որոշման խնդիր է։

Հետևաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է, եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր։

Պիտի անկեղծ ասեմ սակայն, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահի ամենամեծ խնդիրը ԵՄ–ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, և մենք ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։  Սա Հայաստանի՝ Եվրամիության անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի»։

Փաշինյանը շարունակեց. «Մեր ակնկալիքը ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն– Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար»։