Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ ռմբակոծությունների արշավը կշարունակվի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»՝ պնդելով, որ հարվածները լուրջ կորուստներ են հասցրել իրանական ուժերին։

«Այս գործողությունը կշարունակվի առանց ժամանակային սահմանափակման, այնքան, որքան անհրաժեշտ է՝ մինչև բոլոր նպատակներին հասնելը և արշավի ելքի որոշումը», — ասել է նա՝ հավելելով, թե Իրանի ղեկավարությունը «մկների պես փախչում է դեպի անցքերը»։

Կացը նշել է, որ Իրանում հիվանդանոցների դիահերձարանները լեփ-լեցուն են, սակայն միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ «զոհերը քաղաքացիական անձինք չեն»։ Նա հավելել է, որ Թեհրանում և ողջ երկրի տարածքում հարվածները շարունակվելու են «օր օրի, թիրախ առ թիրախ»։

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հարձակումները շարունակվում են, «որպեսզի Իրանի ժողովրդին հնարավորություն տրվի ապստամբել, գործել և տապալել այս վարչակարգը»՝ հավելելով, որ «ի վերջո, դա հենց իրենցից է կախված»։