«Փարոս Տրանս» ընկերության ղեկավար, նախկին Փարոս գյուղապետ Գոռ Պետրոսյանը հայտնվել է խարդախության կասկածանքի տակ՝ AllSell խանութից փաստացի «գրպանելով» շուրջ 190 հազար դրամ։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի վերջին AllSell էլեկտրոնիկայի խանութում։ Խանութ է դիմել Անահիտ անունով հաճախորդուհին՝ ներկայանալով որպես «Փարոս Տրանս» ընկերության ղեկավար Գոռ Պետրոսյանի միջնորդ։ Խոսքը եղել է 159 900 դրամ արժողությամբ iPad A16 պլանշետի մասին։
Սակայն ապրանքը հանձնելիս վաճառողը սխալմամբ գնորդին է փոխանցել այլ՝ զգալիորեն ավելի թանկ սարք՝ iPad Air 7 M3, որի արժեքը 349 900 դրամ է։ Տարբերությունը՝ մոտ 190 հազար դրամ։
Խանութում սխալը նկատել են ավելի ուշ և փորձել են իրավիճակը լուծել։ Առաջարկել են փոխանակել սարքը, վճարել տարբերությունը զեղչով կամ նույնիսկ ապառիկով։ Սակայն, ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշել է AllSell-ի տնօրեն Սարգիս Կիրակոսյանը, բոլոր առաջարկները մերժվել են։
Ավելին, ըստ նրա, գործարար Գոռ Պետրոսյանը, որը ժամանակին նաև գյուղապետ է եղել նախկինում Փարոս կոչվող գյուղում, հայտարարել է, թե ամբողջ պատասխանատվությունը խանութինն է։ Իսկ պլանշետը, նրա խոսքով, նա արդեն նվիրել է և ուղարկել Ռուսաստան։
Այսպիսով, ստացվել է բավականին հետաքրքիր իրավիճակ․ ավելի թանկ սարքը մնում է ստացողի մոտ, իսկ սխալը պետք է ամբողջությամբ մնա վաճառողի հաշվին։
Խանութը դիմել է ոստիկանություն՝ խարդախության հոդվածով, սակայն նման դեպքերում գործերը հաճախ ընթացք չեն ստանում։ Պատճառը պարզ է․ եթե վնասը չի գերազանցում 500 հազար դրամը, վարույթները հաճախ կարճվում են։
Արդյունքում ստացվում է բավականին հարմար սխեմա․ փոքր բիզնեսը մնում է վնասով, իսկ «պատահական» ավելի թանկ սարքը՝ իր նոր տիրոջ մոտ։
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս պատմության մեջ գլխավոր հերոսը ոչ թե պատահական գնորդ է, այլ ձեռնարկատեր և նախկին համայնքային ղեկավար։ Իսկ նման մարդկանցից, սովորաբար, հասարակությունը սպասում է ոչ թե նման պատմություններ, այլ օրինակելի վարքագիծ։




























