ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները հաղթել է» Իրանի դեմ պատերազմում, բայց կմնա հակամարտության մեջ մինչև առաքելության լիակատար իրականացումը, հաղորդում է Reuters-ը։
«Երբեք չես կարող ասել, որ շատ շուտ ես հաղթել։ Մենք հաղթեցինք,- ասել է Թրամփը Քենթուքի նահանգի Հեբրոն քաղաքում նախընտրական ոճով հանրահավաքի ժամանակ,- Ամեն ինչ ավարտվեց առաջին ժամվա ընթացքում»։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարքից հանել է 58 իրանական ռազմանավ։ Սակայն Թրամփը տարբեր գնահատականներ է տվել իրավիճակի վերաբերյալ. մի կողմից նա ընդունում է, որ ԱՄՆ զինված ուժերը զգալիորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը, մինչդեռ մյուս կողմից նա չի շտապում հայտարարել հակամարտության ավարտի մասին։
«Մենք չենք ուզում շատ շուտ հեռանալ, չէ՞,- ասաց Թրամփը,- Մենք պետք է այն ավարտին հասցնենք»։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն «արդյունավետորեն ոչնչացրել է Իրանը», միաժամանակ հստակեցնելով, որ երկրի մասնակցությունը ռազմական գործողություններին առայժմ կշարունակվի։ «Մենք չենք ուզում անընդհատ վերադառնալ յուրաքանչյուր երկու տարին մեկ»,- հավելել է Թրամփը։
Ըստ Independent-ի՝ իր ելույթի ժամանակ Թրամփը լսարանին պատմել է, թե ինչպես է հորինել «Էպիկական ցասում» (Operation Epic Fury) անվանումը։ «Ինձ մոտ 20 անուն առաջարկեցին։ Ես գրեթե քնած էի։ Ինձ դրանցից ոչ մեկը դուր չեկավ։ Հետո տեսա «Էպիկական ցասում»-ը և ասացի՝ Ինձ դուր է գալիս այդ անվանումը»,- ասել է Թրամփը։





























