ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ուղղակի ներդրումների փորձագետներից կազմված հատուկ ստորաբաժանում է ստեղծում՝ երեք տարվա ընթացքում 200 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական գործարքներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը՝ հղում անելով գերատեսչության ներքին փաստաթղթերին։
Ինչպես նշում է պորտալը, Պենտագոնը նոր թիմը ձևավորում է Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու նպատակով։
Heidrick & Struggles կադրային գործակալության տվյալներով՝ 30 հոգանոց թիմի հավաքագրման հիմնական թիրախ են դարձել Ուոլ Սթրիթի առաջատար բանկերը՝ Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն, JPMorgan-ը և Bank of America-ն։ Ծրագիրը ներկայացվում է ոչ թե որպես մշտական աշխատանք, այլ երկու-երեք տարվա գործուղում։ Թեկնածուներին առաջարկվում է հայրենիքին ծառայելու հնարավորություն՝ տնօրինելով այնպիսի կապիտալ, որն իր ծավալներով գերազանցում է այն ամենը, ինչին ներդրողների մեծ մասն առնչվում է իր ողջ կարիերայի ընթացքում։




























