Սիլիկոնե մեծ կուրծքը Թեքսասի բնակչուհի Շեյլա Հերշլիին ոչ միայն հեռուստաէկրանի աստղ եւ Գինեսի գրքի ռեկորդակիր է դարձրել, այլեւ վթարի ժամանակ փրկել է նրա կյանքը` անվտանգության բարձիկների դեր կատարելով, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն բացվել:
Շեյլան Fox 26 հեռուստաալիքին պատմել է վթարի մանրամասները. երբ մեքենան վթարի է ենթարկվել, նա անվտանգության գոտին գցած չի եղել, եւ ողջ է մնացել միայն սիլիկոնե իմպլանտների շնորհիվ, որոնք մի թեթեւ վնասվել են:
«Ես այնքան երջանիկ եմ, որ ողջ եմ: Կուրծքս կարգին վնասվել է, բայց փրկեց կյանքս», - հայտարարել է կինը, որը վթարից հետո հայտնվել է բանտում` հոգեմետ նյութերի ընդունման հետեւանքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:
Շեյլան, ինչպես պարզվեց, բժշկի նշանակած մի շարք դեղամիջոցներ է ընդունում` դեպրեսիայի եւ երկբեւեռ խանգարումից բուժվելու համար, որոնք եւս վերոնշյալ նյութերի թվին են պատկանում: Դատարանը կնոջը 1,8 հազար դոլարի չափով գրավի դիմաց ազատելու որոշում է կայացրել: Գործը կքննվի մարտի 28-ին:
Շեյլա Հերշլին ծնվել է Բրազիլիայում, բայց 2000թ. վերջերից բնակվում է ամերիկյան Հյուսթոնում: Նա 10-ից ավելի պլաստիկ վիրահատության է ենթարկվել:
Դրանցից մեկից հետո Շեյլան ամերիկյան 51KKK չափի կրծքի տեր է դարձել, ինչի շնորհիվ գրանցվել է բրազիլական Գինեսի ռեկորդների գրքում: Սակայն 2010թ. նա ստիպված է եղել հեռացնել իմպլանտները եւ սեփական կրծքի մի մասը, քանի որ վիրահատություններից մեկի ընթացքում նրան վարակել էին ստաֆիլոկոկով: Դա լուրջ վնաս է հասցրել Շեյլայի կարիերային` հեռուստաշոուի եւ սերիալների նկարահանումները, որոնց շնորհիվ նա հայտնի էր դարձել հայրենիքում, այլեւս նրան չէին սպառնում:
Բայց հիվանդությունից հետո վերականգնվելով նա նոր վիրահատություն կատարեց: Այժմ նրա կրծքի չափսը 38KKK է, եւ դա դեռ վերջը չէ: SheylaHershey.net պաշտոնական կայքում հաղորդվում է, որ հունվարի վերջին նա հերթական վիրահատությունն է կատարել. Կրծքի մեջ եւս 250 սիլիկոնե «կուբիկներ» են լցրել, գրում է NEWSru.com-ը:




























