Հորմուզի նեղուցով նավթի հոսքի կորուստը մատակարարման ցնցում է առաջացնում ասիական շուկայի համար, հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ):

Գործակալության գնահատմամբ՝ 2025 թվականին Հորմուզի նեղուցով մատակարարվել է օրական 15 միլիոն բարել նավթ և կոնդենսատ, ինչը կազմում է Մերձավոր Արևելքից դուրս գտնվող վերամշակող գործարանների սպառման 20%-ը կամ աշխարհում նավթի ծովային շրջանառության 35%-ը։ «Այս հոսքերի կորուստը առաջարկի շոկ է ստեղծում Ասիայում, քանի որ դրանց 90%-ն ուղղվում էր Սուեզի ջրանցքից դեպի արևելք և ապահովում էր նավթավերամշակման գործարանների մատակարարումների 35%-ը», - ասված է ՄԷԳ զեկույցում։ Հոսքերի 4%-ը բաժին է ընկել Եվրոպային, 3%-ը՝ ԱՄՆ-ին, իսկ մնացածը՝ այլ ուղղություններին։ Մերձավորարևելյան նավթի մի մասը կարող է վերաուղղվել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի խողովակաշարերով, սակայն մնացածը պետք է փոխհատուցվի պահեստարանների պաշարների կամ այլ աղբյուրների հաշվին:

ՄԷԳ-ի կարծիքով՝ Ատլանտյան ավազանի, Եվրասիայի կամ Կանադայի արտահանողների հնարավորությունները սահմանափակ են:

Հորմուզի նեղուցով մատակարարվող մերձավորարևելյան նավթի հիմնական գնորդներն են Չինաստանը (ամբողջ արտահանման 37%-ը կամ օրական ավելի քան 5,2 մլն բարել), Հնդկաստանը (14% կամ 2,1 մլն բարել), ինչպես նաև Հարավային Կորեան ու Ճապոնիան (յուրաքանչյուրը՝ 12% կամ 1,7 մլն բարել):

Ընդ որում, կարճաժամկետ հեռանկարում մատակարարումների փոխհատուցումն ամենադժվարը կլինի Հնդկաստանի համար։ 2025 թվականին Պարսից ծոցի երկրներին բաժին է ընկել հնդկական նավթի ներմուծման 40%-ը, իսկ Չինաստանի դեպքում՝ նավթի ծովային մատակարարումների ավելի քան 50%-ը։ Տարածաշրջանից Ճապոնիա իրականացվող մատակարարումները կազմել են ընդհանուր ներմուծման 77%-ը, իսկ Հարավային Կորեա՝ 62%-ը։