ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատշաճ կերպով չի նախապատրաստվել այն հետևանքներին, որոնք Իրանի դեմ ռազմական գործողությունը կարող է ունենալ նավթային շուկաների համար։ Նման գնահատականով հանդես է եկել Politico թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, Սպիտակ տան ղեկավարն իր երկրորդ ժամկետի սկզբում խոստացել էր ԱՄՆ-ի համար ապահովել «էներգետիկ գերիշխանություն», սակայն 15 ամիս անց էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը, «կարծես թե, անակնկալի են եկել Իրանին հասցված հարվածից հետո նավթի համաշխարհային գների թռիչքից և փորձում են կանխել էներգակիրների գների աճով պայմանավորված գնաճի կտրուկ բարձրացումը»։ Թերթի գնահատմամբ՝ Ռայթն ու Բերգամը, ում գերատեսչությունն ուժային չէ և հիմնականում զբաղվում է դաշնային հողերի օգտագործման ու բնական պաշարների արդյունահանման հարցերով, «ռիսկի են դիմում բախվել Թրամփի երկրորդ ժամկետի խոշորագույն էներգետիկ ճգնաժամին»։

«Էներգետիկայի ոլորտի փորձագետները կարծում են, որ վարչակազմը թերագնահատել է նավթի համար պատերազմի հետևանքները, ինչը, չնայած ԱՄՆ-ում արդյունահանման ռեկորդային ծավալներին, երկու շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում հանգեցրել է երկրում բենզինի արժեքի աճին՝ մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց 60 ցենտ», — գրում է Politico-ն:

Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել էր 120 օրվա ընթացքում ամերիկյան ռազմավարական պահուստից 172 միլիոն բարել նավթ բաց թողնելու ծրագրերի մասին։ Գերատեսչությունը ելնում է նրանից, որ հաջորդ տարվա ընթացքում պահուստը կհամալրվի «մոտ 200 միլիոն բարելով»։ Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) անդամ երկրները նախկինում պայմանավորվել էին իրենց արտակարգ պահուստներից 400 միլիոն բարել նավթ հատկացնել՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով շուկայում իրավիճակը կայունացնելու համար։