Փետրվարի 15-ին Թեհրանի պետական համալսարանում Իրանում ՀՀ դեսպանության,  ԻԻՀ  ԱԳՆ  ԱՊՀ  եւ սահմանակից երկրների գլխավոր վարչության, Թեհրանի համալսարանի Կովկասագիտության ուսումնասիրությունների  կենտրոնի եւ Հայկական  հարցերի  ուսումնասիրության կենտրոնի` «Հուսկի» մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով`  նվիրված Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:

Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել  աշխատանքային այցով  Իրանում գտնվող ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ այլն անձինք: Ելույթ ունեցողները բարձր են գնահատել երկու բարեկամ եւ հարեւան երկրների 20-ամայա հարաբերությունները` նշելով, որ բազմաբնույթ համագործակցությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը  հասել է  գործնական եւ փոխշահավետ բարձր մակարդակի, ինչը ներկայումս արագ եւ վերընթաց զարգացում է ապրում:

Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացվել է ԻԻՀ-ում  ՀՀ դեսպանության դեսպանորդ Գառնիկ Բադալյանի «Հայաստան-Իրան հարաբերությունները 20 տարեկան են» գիրքը: Սեմինարի շրջանակներում  տեղի է ունեցել իրանահայ գրող, բանաստեղծ եւ թարգմանիչ Խաչիկ Խաչերի արեւմտահայ բանաստեղծ Զահրատի բանաստեղծությունների պարսկերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը: