Թաիլանդը բողոք է հայտնել և ներողություն պահանջել Իրանի իշխանություններից՝ Հորմուզի նեղուցում թաիլանդական Mayuree Naree բալկերի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Թաիլանդի ԱԳՆ-ն:

«Մշտական քարտուղարի տեղակալը մտահոգություն է հայտնել Թաիլանդի դրոշի ներքո նավարկող Mayuree Naree բեռնատար նավի հետ կապված միջադեպի առնչությամբ։ Նավը հարված է ստացել և վնասվել Հորմուզի նեղուցով անցնելիս՝ ԱՄԷ-ի Խալիֆա նավահանգստից դուրս գալուց հետո: Նա հայտնել է Թաիլանդի վճռական բողոքը և պահանջել է իրանական իշխանություններին ներողություն խնդրել, ինչպես նաև պարզաբանել կատարվածի հանգամանքները՝ հույս հայտնելով, որ նման միջադեպեր այլևս չեն կրկնվի: Իրանի դեսպանը ցավակցություն է հայտնել և հավաստիացրել, որ Թաիլանդի բողոքն անհապաղ կփոխանցի Թեհրանին», - ասված է հաղորդագրության մեջ:

Թաիլանդի ծովային դեպարտամենտն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հաղորդում է ստացել մարտի 11-ին Հորմուզի նեղուցով անցնելիս Mayuree Naree-ի հետնամասում տեղի ունեցած պայթյունի մասին: Նավի վրա եղել է անձնակազմի 23 անդամ, որոնցից 20-ը տեղափոխվել են օմանյան Խասաբ քաղաքի նավահանգիստ: Երեք մարդ անհետ կորած է համարվում, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են: