Ատոմակայանի նոր բլոկի շինարարության հարցում կա առաջընթաց: Այդ մասին այսօր` փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով` վերջերս Հայաստանում գտնվող  «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի հետ վերահաստատվել են նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, ըստ որի` ռուսական կողմը ստանձնում է նոր ատոմակայանի շինարարության ֆինանսավորման 50 %-ը: «Մեզ առաջարկում են մնացած 50 %-ի հարցը փորձենք ինքներս լուծել, այլ ոչ թե նոր ընկերություններ ներգրավենք: Մոտեցում է իհարկե, պետք է գնահատենք, թե մեզ համար որն է ավելի ճիշտ»,- ասաց Ա. Մովսիսյանը:

Դա, ըստ նախարարի, նշանակում է որեւէ այլ աղբյուրից պարտք վերցնել: «Դա առաջին հայացքից ընդունելի մոտեցում է, բաց մենք նախընտրում ենք, եթե կլինեն այլ ընկերություններ, որ ավելի լավ պայմաններով ներդրումներ կիրականացնեն, իրենց եւս ներգրավենք»,- ասաց Ա. Մովսիսյանը:  

Նշենք, որ հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարությանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ ֆրանսիական ընկերությունները:

Միայն այն դեպքում, երբ նոր ներդրողներ չգտնվեն, ապա, ըստ Ա. Մովսիսյանի, ռուսական կողմի առաջարկը կընդունվի: