Լուսանկարչական տեխնիկայի եւ բժշկական սարքավորումների արտադրող Olympus ընկերության նախկին նախագահ Ցուեսի Կիկուկավան, ինչպես նաեւ երկու թոփ մենեջերներ` նախկին գործադիր փոխտնօրեն Հիսասի Մորին եւ նախկին աուդիտոր Հիդեո Յամադան ձերբակալվել են` Olympus-ի ֆինանսական հաշվետվությունները կեղծելու եւ բազմամիլիարդ կորուստները կոծկելու մեղադրանքով:

«Կոմերսանտ-Online»-ը նշում է, որ գործում ընդհանուր թվով 19 թոփ մենեջերներ են առկա: Բանտարկյալներին մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ 128 հազար դոլարի տուգանք է սպառնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թվային տեսախցիկների առաջատարներից մեկը հանդիսացող Olympus-ի շուրջ նախորդ տարվա աշնանը ձեռնարկության պատմության մեջ ամենաաղմկալի սկանդալն էր ծավալվել: Մենեջերները տարիներ շարունակ թաքցրել են ֆինանսական կորուստները` դրանք ներկայացնելով իբրեւ ներդրումներ արտասահմանյան հոլդինգներում:

Ընկերության նոր նախագահ Սուիտի Տակայաման, ով 2011թ. գարնանը փոխարինել էր Կիկուկավային, իր նախորդին, ինչպես նաեւ ղեկավարող պաշտոններ զբաղեցնող մի շարք այլ անձանց մեղադրել էր ֆինանսական կորուստները թաքցնելու մեջ:
Տակայամայի հայտարարություններից հետո Olympus-ի բաժնետոմսերը 29%-ով ցրվել էին:

Կորպորացիան գիտակցաբար թանկ գներով մի շարք արտասահմանյան ակտիվներ է գնել` միաժամանակ խորհրդատվության համար գործընկերներից գործարքի մեկ քառորդի չափով հոնորարներ ստանալով: