Հունաստանի գործողությունները, որոնք «հակառակ գործող պայմանագրերի խախտում են կղզիների կարգավիճակը, ոչ միայն անօրինական իրավիճակ են ստեղծում, այլև խաթարում են բարիդրացիական և դաշնակցային հարաբերությունները»։ Ըստ Anadolu գործակալության՝ հինգշաբթի՝ մարտի 12-ին անցկացված ճեպազրույցի ժամանակ դրա մասին հայտարարել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

Գերատեսչությունը նշել է, որ արևելյան Էգեյան ծովի կղզիներն ըստ 1923 թվականի Լոզանի և 1947 թվականի Փարիզի խաղաղության պայմանագրերի՝ փոխանցվել են Հունաստանին՝ պայմանով, որ պահպանվի դրանց ապառազմականացված կարգավիճակը։

«Լիմնի և Կերպե կղզիները պետք է պահպանեն իրենց ապառազմականացված կարգավիճակը, որը սահմանվել է որպես պայմանագրերի էական պայման»,- հիշեցրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Կղզիների ապառազմականացված կարգավիճակի խախտումը լուրջ է, սակայն դրանց վրա ռազմական ուժերի տեղակայումն իրավաբանորեն անվավեր չի դարձնում այդ կարգավիճակը, նշել է նախարարությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «տարածաշրջանում առկա անվտանգության ճգնաժամերի ֆոնին ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև նման իրավիճակների առաջացումն անընդունելի է»։

«Մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում Հունաստանի՝ իրական նպատակի չծառայող փորձերը, որոնք ուղղված են մեր տարածաշրջանում առկա ճգնաժամերի շահագործմանը, և մենք այդ ուղղությամբ ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել են նախարարության ներկայացուցիչները։

«Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անվտանգությունն ապահովելու» համար նախարարության ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարության ներկայացուցիչները նշել են, որ ՀԿԹՀ-ի անվտանգությունը և Արևելյան Միջերկրական ծովում խաղաղության և կայունության պահպանումը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեն։

«Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է և անփոփոխ։ ԱՄՆ-Իսրայել-Իրան բախումների հետևանքով հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներից հետո ՀԿԹՀ-ում մեր տեղակայած հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները նպատակ ունեն բարձրացնել զսպման ուժը, պահպանել օդային տարածքը և ամրապնդել մեր արագ արձագանքման հնարավորությունները հնարավոր սպառնալիքներին»,- պարզաբանել են Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

«Թուրքիայի ձեռնարկած լրացուցիչ միջոցառումները կնպաստեն ոչ միայն ՀԿԹՀ-ի, այլև ամբողջ կղզու անվտանգությանը»,- նշել է նախարարությունը՝ հիշեցնելով, որ Թուրքիան Կիպրոսի երաշխավոր երկիրն է։

«Այն իրավիճակում, երբ որոշ ոչ երաշխավոր երկրներ ռազմական ստորաբաժանումներ են ուղարկում Կիպրոս կղզի և Արևելյան Միջերկրական ծով, Թուրքիայի ձեռնարկած միջոցառումները լիովին օրինական են, համապատասխան և անհրաժեշտ՝ անվտանգության նկատմամբ հավասարակշռված մոտեցման շրջանակում»,- ճեպազրույցի ժամանակ ընդգծել են նրանք։

Նախարարությունը նշել է, որ Թուրքիան գործում է խաղաղության և կայունության պահպանման, այլ ոչ թե տարածաշրջանում լարվածության սրման ըմբռնմամբ։