ԱՄՆ ռազմածովային ուժերը դեռևս պատրաստ չեն ուղեկցել նավթատար լցանավերը Հորմուզի նեղուցով։ CNBC-ին տված հարցազրույցում Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են կենտրոնացած լինել Իրանի հարձակողական կարողությունների դեմ գործողությունների վրա։
«Դա տեղի կունենա համեմատաբար շուտով, բայց ոչ հիմա։ Մենք պարզապես պատրաստ չենք։ Մեր բոլոր ռազմական ռեսուրսներն այժմ կենտրոնացած են Իրանի հարձակողական կարողությունների և մշակող արտադրական արդյունաբերության ոչնչացման վրա»,- ասել է նա։
Ռայթը նշել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են պատրաստ լինել ամսվա վերջին ուղեկցող գործողություններ սկսելու։
Նա հավելել է, որ այդ հարցը քննարկվում է Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ։
Մարտի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցը, որի միջով անցնում է աշխարհի նավթի արտահանման մոտավորապես մեկ հինգերորդը, կփակվի նավագնացության համար՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և ԱՄՆ ռազմական գործողության պատճառով։ Մարտի 5-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ նեղուցը փակ չէ, և նավերն ու լցանավերը չեն փորձում անցնել այն՝ վախենալով երկու կողմերի հարձակումներից։





























