Իրաքի Բասրա նավահանգստի մոտ հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել: Բոլորը փրկվել են։ Դրա մասին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է վրացի նավաստի Իրակլի Ջաշիի կինը՝ Նինչո Սուրմանիձեն։
Zefyros և Safesea Vishnu նավթատարները հարձակման են ենթարկվել մարտի 12-ի գիշերը։ BBC Verify-ն, հղում անելով Marine Traffic-ի տվյալներին, պարզաբանում է, որ Zefyros-ը հունական սեփականություն է, ծածանում է Մալթայի դրոշը և ուղևորվում էր Իրաքի նավահանգիստ։ Safesea Vishnu-ն ամերիկյան սեփականություն է և ծածանում է Մարշալյան կղզիների դրոշը։ Նավն ուղևորվում էր Հնդկաստան, հաղորդում է «Настоящее время»-ն։
Zefyros-ի վրա 23 վրացի քաղաքացի կար, որոնց թվում՝ լցանավի կապիտանը։ «Ես նրա հետ խոսեցի երեկ կեսգիշերին մոտ, և ամեն ինչ լավ էր։ Այնուհետև նա մոտավորապես 2:30-ին զանգահարեց և արագ ասաց. «Բոլորը ողջ են, բոլորն անվտանգ են»։ Այդ առավոտյան մենք կրկին խոսեցինք, և նրանց լցանավին հարվածվեց անօդաչու թռչող սարքը, և ամեն ինչ այրվեց։ Երկրորդ լցանավում զոհեր կային։ Նրանք տեղափոխվել են Իրաքի նավահանգիստ»,- ասել է Նինչո Սուրմանիձեն։
Նա նշել է, որ Իրակլի Ջաշին այս նավում աշխատում է վեց ամիս, և եթե Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները չլինեին, նա մարտի 10-ին կվերադառնար Վրաստան։
Իրաքի իշխանությունները հայտնել են, որ երկու նավի վրա հարձակումներից հետո 38 մարդ է փրկվել։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ զոհվել է Safesea Vishnu լցանավի անձնակազմի մի անդամ։
BBC Verify-ն, հղում անելով Հնդկաստանի իշխանություններին, հաղորդում է, որ Safesea Vishnu-ն հարձակման է ենթարկվել «սպիտակ անօդաչու մոտորանավակի կողմից, որը պայթուցիկներ էր տեղափոխում», որը «բախվել է դրան՝ նավում խոշոր հրդեհ առաջացնելով»։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը՝ հղում անելով նավաստիներին, բացի պայթուցիկներով լի անօդաչու նավակներից, նավերի դեմ օգտագործվել են նաև անօդաչու թռչող սարքեր։





























