Ոճի թագուհի, «էգ առյուծ» եւ մարդու իրավունքների պաշտպան 95-ամյա Զելդա Կապլանը կյանքից հեռացել է իրեն բնորոշ մահով` Նյու Յորքում նորաձեւության շաբաթվա շրջանակներում անցկացվող Ջոանա Մաստրոյանիի հավաքածուի ցուցադրության ժամանակ` նստած առաջին շարքում:

Կողքին նստածները տեսել են, թե ինչպես 95-ամյա Զելդան տառացիորեն սահել է բազկաթոռից, երբ բեմում հայտնվել են առաջին մոդելները: Կնոջն օգնության են շտապել անվտանգության աշխատակիցները, որոնք նրան գրկած հանել են դահլիճից` մինչեւ շտապօգնության ժամանումը:

Այդ ընթացքում նորաձեւության ցուցադրությունը շարունակվել է: Ավելի ուշ կնոջ ընկերուհիները տարածել են նրա մահվան լուրը` գրելով, որ միշտ կսիրեն եւ կկարոտեն նրան:

Զելդա Կապլանը հայտնի էր իր անկրկնելի ոճով եւ գիշերային  խնջույքների հանդպ տածած սիրով, չնայած պատկառելի տարիքին: 

2004թ. նրա մասին փաստագրական ֆիլմ էին նկարահանել «Նրա անունը Զելդա է» (Her Name is Zelda), որը պատմում է այն մասին, թե ինչպես Զելդան հասարակ տնային տնտեսուհուց վերածվեց ոճի թագուհու: Զելդան նախընտրում էր աֆրիկական հյութեղ ոճը, բարձր գլխադիրները, խոշոր զարդեր եւ ակնոցներ:

«Շատ երիտասարդներ այնքան են վախենում ծերանալուց: Ես կցանկանայի, որպեսզի  նրանք իմանային, որ 94 տարեկանում երիտասարդ հոգի ունեցողի համար ծերությունը հիանալի է», – մի անգամ ասել է Զելդա Կապլանը, որի խոսքերը մեջբերում է Wdaily-ն: