58 մարդ վիրավորվել է Իսրայելի հյուսիսում շենքին հասցված իրանական հրթիռային հարվածի հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է The Jerusalem Post թերթը՝ հղում կատարելով շտապօգնության ծառայություններին։

Բժշկական անձնակազմի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան 58 մարդ վիրավորվել է իրանական հրթիռակոծության ժամանակ, որն ուղղված էր երկրի հյուսիսին։ Մեկ մարդ միջին ծանրության վիճակում է, եւս 57-ը մարդ թեթեւ վնասվածքներով, որոնք ստացել են ապակու կտորներից, տարհանվել են մոտակա հիվանդանոցներ՝ բժշկական օգնություն ստանալու համար։

Իր հերթին, Իսրայելի ոստիկանությունն ավելացրել է, որ հարձակման հետեւանքով շենքը վնասվել է։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են պայթուցիկ զինամթերքի վնասազերծման մասնագետները։

Ավելի վաղ Ynet-ը հայտնել էր, որ իրանական հրթիռային արձակումների շարքի ժամանակ արկը հարվածել է բնակելի շենքերին Իսրայելի հյուսիսում գտնվող Զարզիր քաղաքում։ Տեղի իշխանությունները հաստատել են, որ շենքերից մեկն ամբողջությամբ ավերվել է։ Դեռեւս պարզ չէ՝ հրթիռն ուղղակիորեն հարվածել է շենքի՞ն, թե՞ այն խոցվել է բեկորներից՝ ՀՕՊ ուժերի կողմից խփվելուց հետո։