Իրանի դեմ գրոհ պլանավորելիս Պենտագոնը եւ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը զգալիորեն թերագնահատել են ռազմական գործողության բացասական ազդեցությունը Հորմուզի նեղուցով լցանավերի անցման վրա։ Այս մասին տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խորհրդականների նեղ շրջանակի կարծիքների վրա հենվելու միտումը հանգեցրել է Իրանի դեմ գրոհի հնարավոր տնտեսական ազդեցության վերաբերյալ միջգերատեսչական քննարկումների անտեսմանը։ Այժմ ԱՄՆ առաջնորդը փորձում է նվազեցնել էներգետիկ շուկաներում խափանումների մասշտաբները, սակայն տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նրա վարչակազմի ձեռնարկած միջոցառումները ակնթարթային արդյունքներ չեն տա, նշել է հեռուստաընկերությունը։
CNN-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Կոնգրեսի փակ լսումների ժամանակ խոստովանել են, որ գործողությունը պլանավորելիս չեն դիտարկել Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը, ենթադրելով, որ նման քայլը ավելի շատ կվնասի Թեհրանին, քան թե Վաշինգտոնին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին մարտի 12-ին հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության ներկայիս վիճակը Իրանի դեմ ամերիկյան ագրեսիայի հետեւանք է, եւ որ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ նավարկության ազատության սկզբունքներին։





























