X սոցցանցը, որն ավելի վաղ Եվրահանձնաժողովի կողմից տուգանվել էր 120 մլն եվրոյով, համաձայնել է փոխել Եվրամիությունում օգտատերերի ստուգման մեխանիզմը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով  ԵՀ ներկայացուցիչ Թոմ Ռենիեին։

«X-ը առաջարկել է միջոցներ՝ կապույտ [ստուգված օգտատիրոջ] նշանի հետ կապված իրավիճակը լուծելու համար։ Եվրահանձնաժողովը ուշադիր կուսումնասիրի առաջարկները»,- մեջբերել է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը։

Ռենիեն մանրամասներ չի ներկայացրել սոցցանցի ներկայացրած միջոցառումների մասին, հաղորդել է Bloomberg-ը։

2025թ․ դեկտեմբերին Եվրահանձնաժողովը X-ին տուգանել է 120 միլիոն եվրոյով՝ ԵՄ թվային կանոնները խախտելու համար։ Ինչպես Ռենիեն հայտնել է Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ, սոցցանցը «խախտել է թափանցիկության չափանիշները»։ Դա, նրա խոսքով, ներառում է հարթակում ստուգված օգտատերերի համար վճարովի կապույտ նշանի առկայությունը, որը «մոլորեցնում է օգտատերերին, քանի որ այն կարող է գնել յուրաքանչյուրը», իսկ X-ը «բավականաչափ ստուգում չի անցկացնում»։ Ռենիեն նաեւ հավաստիացրել է, որ X-ի գովազդային քաղաքականությունը մոլորեցնում է օգտատերերին, եւ որ սոցիալական ցանցը «չի տրամադրում թվային տվյալներ եվրոպացի հետազոտողներին», ինչը Եվրահանձնաժողովը պահանջում է բոլոր թվային ընկերություններից՝ համաձայն ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքի։