ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է, որ իր ռազմածովային ուժերն ուղեկցել առեւտրային նավերին Հորմուզի նեղուցում։ Նա ասել է, որ նման ուղեկցումները կարող են իրականացվել միջազգային գործընկերների հետ համատեղ, երբ պայմանները թույլ տան։

«Ես կարծում եմ, որ հենց որ դա ռազմական առումով հնարավոր դառնա, ԱՄՆ ռազմածովային ուժերը, եւ հնարավոր է՝ նույնիսկ միջազգային կոալիցիայի հետ միասին, կուղեկցեն նավերին նեղուցով անցնելիս»,- CNBC հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Բեսենթը։

Ներկայում ԱՄՆ ռազմանավերին հանձնարարված չէ ուղեկցել լցանավերին, պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները նշում են, որ պայմանները ներկայում չափազանց վտանգավոր են նեղ ջրային ուղով ուղեկցումն իրականացնելու համար։ Իրանն ավելի վաղ գրոհել է մի քանի առեւտրային նավեր անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով, մտահոգություն կա, որ երկիրը կարող է փորձել ծովային ականներ տեղադրել՝ համաշխարհային տնտեսությանը վնաս հասցնելու համար։

Բեսենթն ավելացրել է, որ քանի որ որոշ նավեր արդեն անցել են այդ նեղուցով, այդ թվում՝ չինական դրոշի ներքո նավարկող լցանավեր, ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանը ականապատել է նեղուցը։