Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` փետրվարի 16-ին, Վիեննայում մասնակցել է Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին ներկա են եղել եւ ելույթներով հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, շուրջ հինգ տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի եւ Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ելույթ է ունեցել նաեւ Էդվարդ Նալբանդյանը, ով ներկայացրել է թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ միջազգային հանրության պայքարում Հայաստանի ներդրումը եւ վերահաստատել ՀՀ վճռականությունը շարունակելու ակտիվորեն աջակցել միջազգային ջանքերին, ներառյալ Փարիզի պակտին եւ այլ միջազգային նախաձեռնություններին, որոնց նպատակն է նվազեցնել եւ արմատախիլ անել թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, առեւտուրն ու թրաֆիքինգը:




























