Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում փետրվարի 16-ին կայացել է «Արցախ. ժողովուրդ եւ երկիր» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանն է: Շնորհանդեսը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի տանը, իսկ շնորհանդեսի հետ զուգահեռ բացվել է գրքում զետեղված լուսանկարների ցուցահանդեսը:
Շնորհանդեսը տեղի է ունենում փետրվարի 17-ին Ստեփանակերտում մեկնարկող միջազգային գիտական կոնֆերանսի նախօրեին, որը նվիրված է ԼՂՀ հռչակման 20-ամյակին:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը նշել է, որ անցած 20 տարիների ընթացքում գրվել եւ ներկայացվել են բազմաթիվ գրքեր եւ աշխատություններ, սակայն այս գիրք-ալբոմը առանձնանում է իր ամբողջականությամբ եւ կոչված է լրացնելու քարոզչական ոլորտում եղած բացը:
Հեղինակի` դեսպան Գաբրիելյանի խոսքով, գրքի ստեղծման գաղափարը պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ աշխատելով դիվանագիտական կորպուսում եւ ներկայացնելով Հայաստանը արտերկրում` ինքը համոզվել է անհրաժեշտ քանակի գրականության բացակայության եւ Լեռնային Ղարաբաղը օտարերկրյա ընթերցողին ներկայացնող գրականության ստեղծման անհրաժեշտության մեջ:











