Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր` փետրվարի 16-ին, հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ եւ հանգամանալից քննարկել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ եւ կարեւորել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Նալբանդյանը էլի մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, նա հանդիպում է ունեցել նաեւ իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանն առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է Ռուսաստանի իր գործընկերոջն ուղղված Երեւան այցելելու հրավերը: 

Վիեննայում հանդիպում է կայացել նաեւ ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ դեսպան Իոն Օ’լիին: Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը: Նրանք անդրադարձել են Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իէմոն Գիլմորի` Հայաստան նախատեսվող այցին: 

Հանդիպման օրակարգում է եղել նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առնչությամբ դեսպան Օ’լին վերահաստատել է ԵԱՀԿ նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:  

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի փոխվարչապետ, Եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Միխայիլ Շպինդելեգերի հետ:

Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին այս տարի նախատեսվող Ավստրիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հայաստանի ԱԳ նախարարի հաջորդ հանդիպումը Չերնոգորիայի արտգործնախարար Միլան Ռոչենի հետ էր:

Հանդիպման օրակարգում էին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական փոխգործակցության զարգացման, ապակենտրոնացված համագործակցության, Չերնոգորիայի ԱԳ նախարարի Երեւան կատարելիք այցին առնչվող հարցեր:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել Ավստրիայի առաջատար «Der Standart» թերթին:

Նույն օր, ավարտելով այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է Երեւան: