Իրանը կրկին հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազային, հաղորդում է Pars Today-ը։
«Մի շարք հարվածներ և պայթյուններ են հասցվել Բահրեյնում տեղակայված ամերիկյան օկուպանտների բազային»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Մենք գրոհել ենք տարածաշրջանում տեղակայված Մալք Սուլթան, Վիկտորիա և Էրբիլ բազաներում ամերիկացի հրամանատարների կուտակումների երեք վայրերը»,- նշվում է մեկ այլ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։




























