Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` փետրվարի 16-ին, ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրային եւ ընդգծել տարածաշրջանային եւ համաշխարհային լուրջ դերակատարում ունեցող Հնդկաստանի հետ Հայաստանի ունեցած սերտ հարաբերությունները:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոյանը նշել է, որ հայ-հնդկական այդ կապերը, որոնք դարերի պատմություն ունեն, ներկայում էլ բնականոն զարգանում են թե երկկողմ, թե միջազգային տարբեր կառույցներում համագործակցության շրջանակներում:

Շնորհավորելով Սամվել Նիկոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը նշել է, որ իր երկրում բարձր են գնահատում Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, որոնք ավանդական են: Նա շեշտել է այն ավանդը, որն ունեցել է հայ ժողովուրդը Հնդկաստանի մշակութային եւ այլ ոլորտներում: Աչալ Կումար Մալհոտրան, կարեւորելով  Ազգային ժողովի դերը երկրում իրականացվող բարեփոխման գործընթացներում, ընդգծեց  միջխորհրդարանական երկկողմ  համագործակցության կարեւորությունը, որը, ըստ նրա, եղել է ամենաբաձր մակարդակի վրա: ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով, առկա են բոլոր նպաստավոր նախադրյալներն ավելի ընդլայնելու հայ-հնդկական կապերը` բոլոր հնարավոր ուղղություններով: