Իսրայելի բանակն Իրանի հետ պատերազմի դադարեցման նոր վերջնաժամկետ է նշել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նոր հայտարարությունն արել է Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։

Նա հայտարարել է, որ պատերազմը կարող է տևել մինչև ապրիլ։

«Մեր գնահատականներով՝ պատերազմը կտևի մինչև Զատիկը (ապրիլի 1-9-ը՝ խմբ.)»,- նշել է Զամիրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։