«Սինոփսիս Արմենիայում», այսօր` փետրվարի 16-ին, տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի Հաղթողների ակումբի անդամների հանդիպումը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ:

Այս հանդիպմամբ Հաղթողների ակումբը մեկնարկել է 2012թ.-ի իր ավանդական հանդիպումների շարքը Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ այլ ոլորտների հայտնի անհատականությունների հետ:

Հանդիպումներն անցկացվում են «Վարպետական դասերի» (Master Class) ձեւաչափով, որի ընթացքում հյուրերը ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի հաղթողների հետ կիսում են ակադեմիական եւ գործնական հաջողությունների իրենց փորձը:

Հաղթողների ակումբի անդամների հարցերը հիմնականում ուղղված էին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերի, նրանց զարգացման ուղիների, արտագաղթի նվազեցման, հայրենադարձության մեծացման, հայրենասիրության սերմանման, ազգային գաղափարախեսության անհրաժեշտության, արժեքային համակարգի բարեփոխմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ բանախոսի տեսակետների եւ մոտեցումների հետ ծանոթացմանը:

Իր պատասխաններից մեկում Արսեն Ղազարյանը նշեց. «Այսօր Հայաստանում հաջողված բիզնես հիմնելու համար անհրաժեշտ է երկու բան` լավ գիտելիք եւ լավ մշակված բիզնես-պլան: Ինչ խոսք, պետք է մեծ ջանքեր ներդնել Հայաստանում արդար եւ ազնիվ բիզնեսի իրականացման համար մենաշնորհը վերացնելու համար»: Նա կոչ է արել երիտասարդներին չվախենալ խոչընդոտներից եւ դժվարություններից: