Հորմուզի նեղուցը կմնա փակ և ոչ մի ամերիկյան նավ իրավունք չի ունենա մուտք գործել Պարսից ծոց, հայտարարել է Իրանի ԻՀՊԿ նախկին հրամանատար, Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Այս մասին հայտնում է Press TV-ն:
Նրա խոսքով՝ վերջին հիսուն տարիների ընթացքում Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությունը եղել է անկայունության հիմնական աղբյուրը:
«Իրական անվտանգության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հեռանա Պարսից ծոցից, իսկ տարածաշրջանի երկրներն իրենց ձեռքը վերցնեն Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Պատերազմի ավարտը մեր ձեռքերում է», - ասել է Ռեզային։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ պատերազմը կավարտվի, երբ Իրանը ԱՄՆ-ից ստանա լիարժեք փոխհատուցում և ապահովի իր ապագայի համապարփակ երաշխիքը։
«Մեր ապագայի ապահովումն անհնար է առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի հեռացման։ Այս պահին Իրանը հաղթանակ է տարել պատերազմում և խարխլել է ԱՄՆ գերիշխանությունը։ Պատերազմից հետո Իրանը տարբերվելու է նախկինից, նրա դիրքերը տարածաշրջանում կամրապնդվեն», - հավելել է նա։





























