Չնայած շաբաթ վաղ առավոտյան Խարգ կղզու վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը, այդ արտահանման տերմինալում նավթային ընկերությունների գործունեությունը շարունակվում է ընթանալ բնականոն հունով, հայտնել է Իրանի Բուշեր նահանգի փոխնահանգապետը՝ փոխանցում է Pars Today-ը։

Փոխնահանգապետի խոսքով՝ ներկայումս շարունակվում են արտահանման և ներկրման գործընթացները, ինչպես նաև կղզում գտնվող ընկերությունների աշխատանքը։

«Բնակիչների առօրյա կյանքն ու գործունեությունը նույնպես ամենօրա վիճակում են։ Սիոնիստա-ամերիկյան վարչակարգի հասցրած հարվածի արդյունքում զինվորականների, ընկերությունների աշխատակիցների և Խարգ կղզու բնակիչների շրջանում մարդկային զոհեր չեն գրանցվել», - գրում է ալիքը։

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Խարգ կղզում գտնվող ավելի քան 90 իրանական ռազմական օբյեկտների հաջող խոցման մասին։

Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը՝ ամբողջությամբ ոչնչացնելով «իրանական կայսրության մարգարիտ» համարվող Խարգ կղզու բոլոր ռազմական թիրախները։

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաստատել են ռմբակոծության փաստը։

Մասնավորապես, Press TV-ի տեղեկություններով՝ ամերիկյան ավիահարվածների հետևանքով ավելի քան 15 պայթյուն է որոտացել և թանձր ծուխ է բարձրացել։

Իր հերթին Fars գործակալությունը հաղորդում է, որ կղզում ԱՄՆ-ի թիրախների թվում են եղել ռազմական օբյեկտը, ռազմածովային բազան և ուղղաթիռների հրամանատարակարգավարական կետը։

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ կղզում իրավիճակը վերահսկողության տակ է։