Ես Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցների հետ խոսել եմ միայն մեկ անգամ, դա եղել է երեկ, մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը, ես նրանց փոխանցել եմ այն տեղեկատվությունը և անդրադարձել եմ իրենց կողմից բարձրացված հարցերին։ Այս մասին, այսօր՝ մարտի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը նախապես աշխատակիցներին հայտնել էր, որ Էդիտա Գզոյանը թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվել է Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության հետ կապված պատճառներով, մինչդեռ ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատճառը ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելն է եղել։
Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ ասել, որ շինարարական խնդիրների պատճառով է նա հեռացվում, նախարարը պատասխանեց. «Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ ավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով։ Աշխատակազմը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, դա եղել էր նախորդ շաբաթվա վերջին՝ հինգշաբթի կամ ուրբաթ։ Երկուշաբթի կայացավ հանդիպումը, շուրջ 30 հոգի եկել էր նախարարություն, մենք մանրամասն խոսել ենք բոլոր հարցերից։ Իրենք տարբեր հարցեր ունեին, հիմնականում կապված իրենց գիտական, հետազոտական գործունեության հետ, և ես շատ հստակ իրենց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրականացնեն այն գործունեությունը, որն իրականացնում են։
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆինանսավորումը ամեն տարի ավելացել է պետության կողմից, երբեք պետությունն այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտին։
Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի՝ այդ թվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։
Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»։
Դիտարկմանը՝ իսկ ի՞նչ արել պետական արարողակարգը, որ այդ իրավիճակը չլիներ, Անդրեասյանն ասաց. «Պետական արարողակարգի մասին հարցերը դուք ճիշտ հասցեով չեք ուղղում, որովհետև ԿԳՄՍ նախարարությունը պետական արարողակարգով չի զբաղվում»։
Նա հստակեցրեց, որ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենին վերականգնելու հարց չկա։
Ժաննա Անդրեասյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք ինքն է վարչապետի հրահանգը փոխանցել Էդիտա Գզոյանին, որ պետք է ազատվի աշխատանքից. «Ի՞նչ եք ուզում, ես իմ օրվա ռեժիմը նկարագրե՞մ։ Նախարարի աշխատանքը ենթադրում է կոնկրետ բաներ, ինչով որ ես զբաղվում եմ»,–ասաց նա։
Անդրեասյանը խուսափեց նաև NEWS.am–ի հարցից, թե արդյո՞ք աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկվել է հարց, որ Արցախի հետ կապված բաժինը պետք է փակվի թանգարանում. «Նրանք բարձրացրել են տարբեր հարցեր իրենց գործունեությանը վերաբերող և իմ պատասխանը եղել է նույնը, որ իրենք վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրենց գիտական հետազոտական գործունեության հետ կապված որևէ բան չի փոխվում»,– միայն ասաց նա։











