2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,2%-ով, նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) զեկույցում։
Աճի հիմնական ներդրումն ապահովել են ծառայությունների ոլորտը՝ ֆինանսական գործունեությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու շինարարությունը։ Պահանջարկի կողմից տնային տնտեսությունների սպառողական ծախսերը և ներդրումները հիմնական շարժիչ ուժերն էին։ 2026 թվականի սկզբին տնտեսական ակտիվությունը մնացել է բարձր՝ հունվարին կազմելով 7,6%։
2025 թվականին Հայաստան կատարվող միջսահմանային դրամական փոխանցումների հոսքն աճել է 2,4%-ով՝ հասնելով 5,9 միլիարդ դոլարի, իսկ զուտ հոսքը տարեկան աճել է 8,6%-ով։
Հիմնական ներդրումն ապահովել են Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից կատարվող դրամական փոխանցումները։
Դրամական փոխանցումների արտահոսքը փոքր-ինչ աճել է՝ տարեկան 0,3%-ով, հիմնականում՝ Շվեյցարիա, Ռուսաստան և Իսրայել։
«Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքերը, ներառյալ տնային տնտեսություններին կատարված փոխանցումները, 2025 թվականին տարեկան աճել են 24,5%-ով՝ 2023 և 2024 թվականներին անկումից հետո, ինչը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել ներքին պահանջարկին»,- նշվում է վերլուծության մեջ։





























