Այդ ընթացքում, երբ այդ խոսակցությունը տեղի է ունեցել, կար համապատասխան քրեական գործ նույնիսկ, քրեական գործի շրջանակում համապատասխան գործողություններ են արվել։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնացել հեռախոս էին գնել, ասել էին, որ կանխիկով այլ գին է, անկանխիկով այլ գին, որից հետո ՊԵԿ-ը գնացել և վարչապետի հրահանգով այդ խանութը փակել էր։
«Այդտեղ ամեն ինչ իրավաչափ է։ Այո, անկանխիկի մասին օրենսդրությունը մեզ ասում է, որ անկանխիկ և կանխիկ գները չպետք է իրարից տարբերվեն և հանկարծ չպետք է որևէ տնտեսվարող շփոթության մեջ գցի և դա օգտագործի, օրինակ, որոշակի ստվերային վաճառքներ գեներացնի իր կետերում։
Ես նշեմ, որ դա այն կետը չէր, որից մեկնարկեց այդ աշխատանքը, մինչ դա և դրանից հետո էլ մենք բոլոր ուղղություններով աշխատել ենք անկանխիկի մասին օրենսդրության պահանջը պահպանելու ուղղությամբ։ Եթե դուք հիմա պտտվեք քաղաքով նայեք, կտեսնեք, որ այդպիսի երևույթ չկա, դուք չեք տեսնի տարբերակվող գներ»,–ասաց նա։
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ կոնկրետ այդ խանութը փակվել է միայն մի քանի օր. «Իհարկե, օրեր է տևել։ Պարզել ենք, թե այդ խնդիրը ինչ մասշտաբի է, գույքագրել ենք, և դրանից հետո թողել ենք, որ բնականոն գործունեություն ծավալի։ Նշեմ, որ տվյալ հարկ վճարողը իր վարքագիծը էապես փոխել է դրանից հետո։
Դա քննչական կոմիտեի տիրույթում գործողություններ են, մենք ուղղակի համագործակցում ենք, քանի որ մենք ենք բացահայտում, ներկայացնում և իրար հետ աշխատում ենք այդ ուղղությամբ»։











