Ռոք երաժիշտ Ստաս Նամինի խորթ որդին՝ Ռոման Տկաչենկոն, Մոսկվայի մարզային դատարանում ընթացող իր հարազատ տատի և համամայր եղբոր սպանության քրեական գործով հարցաքննության ժամանակ ամբողջությամբ խոստովանել է իր մեղքը։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է դատավարության մասնակիցներից մեկը։
«Տկաչենկոն այսօր հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ լիովին ընդունում է իր մեղքը», - պատմել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա՝ Տկաչենկոն դատարանում նաև հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ է։
«Ռոմանն ասել է, որ խնամել է եղբորը, երբ վերջինս փոքր էր, և հայտարարել է, որ սիրել է, սիրում է և կսիրի նրան մինչև կյանքի վերջ», - նշել է դատավարության մասնակիցը։ Իր տատին Տկաչենկոն բնութագրել է որպես խորհրդային դաստիարակություն ստացած խիստ մարդ, սակայն նրա հետ հարաբերությունները որակել է որպես «լավ»՝ հավելելով, որ «միշտ աշխատել է օգնել նրան», - եզրափակել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հարցաքննության ժամանակ ամբաստանյալի մտերիմ ընկերը դատարանում հայտարարել էր, որ Տկաչենկոն երկու անգամ ինքնասպանության փորձ է արել և բուժում է ստացել հոգեբուժական հաստատությունում։ Վկայի խոսքով՝ Տկաչենկոյին ինքնասպանության մտքերի պատճառը եղել է միայնությունը։ Բացի այդ, վկան պատմել է Տկաչենկոյի և իր ընկերուհու դժվար բաժանման մասին, ինչը փոխել է նրա կյանքը։
2023 թվականի հոկտեմբերի 19-ի առավոտյան Մոսկվայի մարզի Կրյուկովո գյուղում հայտնաբերվել էին Ստաս Նամինի 30-ամյա որդու՝ Արտյոմ Միկոյանի և տատի՝ Պոլինա Տկաչենկոյի մարմինները։ Սպանության կասկածանքով ձերբակալվել էր Նամինի խորթ որդին՝ Ռոման Միկոյանը, ով ներկայումս դատական փաստաթղթերում հանդես է գալիս Տկաչենկո ազգանունով։ Ձերբակալության ժամանակ և նախաքննության փուլում նա խոստովանել է կատարած հանցագործությունը։
Քննության վարկածով՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին մեղադրյալը հյուրընկալվել էր իր տատիկին, որի հետ վիճաբանել էր, իսկ հետո սպասել էր, որ նա քնի և դանակի բազմաթիվ հարվածքներ էր հասցրել թոշակառուին, ինչի հետևանքով նա տեղում մահացել էր։ Սպանությունը կատարելուց հետո մեղադրյալը կատարվածի մասին հեռախոսով հայտնել էր եղբորը, ով այդ պահին գտնվել է Մոսկվայում, և խնդրել է նրան գալ։ Երբ եղբայրը ժամանել է, մեղադրյալը նրան պատմել է սպանության մասին։ Տղամարդկանց միջև վեճ է բռնկվել, որի ընթացքում մեղադրյալը դանակով հարվածել է եղբորը և սպանել նրան։



























