Եվրամիությունը մերժել է Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը միանալու Թրամփի կոչերը՝ մի շարք՝ իրավական, ներքաղաքական և ռազմական պատճառներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
Ըստ նրա՝ եվրոպացի առաջնորդները հանգել են այն եզրակացության, որ Իրանի դեմ պատերազմին աջակցելն անբարոյական կլինի, քանի որ, նրանց կարծիքով, Միացյալ Նահանգները և Իսրայելը կոպտորեն խախտել են միջազգային իրավունքը։ Ներքաղաքական գործոնները ևս զգալի դեր են խաղում. եվրոպական երկրների մահմեդական բնակչության զգալի մասը Իսրայելի և Ամերիկայի պատերազմի ժամանակ չէր մասնակցի եվրոպական բանակների կազմում։ Վերջապես, Եվրոպան պարզապես չունի ռազմական կարողություններ՝ Պարսից ծոցում հակամարտությանը լիարժեք մասնակցելու համար։
Միևնույն ժամանակ, Ռարը Եվրոպայի ներկայիս դիրքորոշումը համարում է ժամանակավոր։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև սակարկությունն անխուսափելի է. Եվրոպան կխնդրի Ամերիկային վերադառնալ ուկրաինական օրակարգին՝ փոխարենն իրանական հարցում որոշակի աջակցություն առաջարկելով։ «Նման սակարկությունը ինձ համար բավականին իրատեսական է։ Ըստ իս, դա կարող է տեղի ունենալ մինչև Զատիկ»,- նշել է փորձագետը։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի վիճակի թեմային՝ Ռարը նշել է, որ դաշինքը պառակտված է։ Ռազմական առումով այն մնում է աշխարհի ամենահզոր ուժը՝ շնորհիվ ամերիկյան ներուժի։ Սակայն քաղաքական առումով միասնություն չկա. ԱՄՆ-ը պահանջում է, որ դաշնակիցներն աջակցեն իր գլոբալ քաղաքականությանը, մինչդեռ եվրոպական երկրների մեծ մասը պատրաստ չէ դրան։ Ընդսմին, փորձագետը կասկածում է, որ ՆԱՏՕ-ն կփլուզվի. Ամերիկային դաշինքն անհրաժեշտ է որպես Եվրոպայում ազդեցության գործիք։
Ռարը միաժամանակ կենտրոնացավ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Ըստ նրա՝ հիմա Ռուսաստանի համար խաղաղություն հաստատելու ամենահարմար ժամանակն է. Ուկրաինան թուլացած է, Եվրոպայի ուշադրությունը շեղված է, իսկ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա։ «Ռուսաստանի համար բարենպաստ համաձայնագրեր ստորագրելու պատուհան կա»,- ընդգծել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է առանձին եվրոպական ռազմական դաշինք ստեղծելու հեռանկարներին, Ռարը թերահավատորեն է տրամադրված։ Նրա կարծիքով՝ Եվրոպան, ամենայն հավանականությամբ, չի գտնի քաղաքական կամք և ֆինանսավորում՝ միավորվելու ոչ թե Ամերիկայի, այլ ասենք, Գերմանիայի շուրջ։ «Դա այսօր անիրատեսական է», - եզրափակել է փորձագետը։





























