Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համատեղ մարտի 4-ին Ուկրաինային 12 ինվերտորային դյուրաշարժ գեներատորների խմբաքանակ է նվիրաբերել, հաղորդում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝հանդիսավոր հանձնումը կատարել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը, իսկ հաջորդ օրը մարդասիրական օգնությունն ուղարկվել է Ուկրաինա՝ ամենաշատ տուժած շրջաններում, դրանց թվում՝ հիվանդանոցներում և կրթական հաստատություններում բաշխելու համար։

Այդ նախաձեռնությունը «Ջերմություն Ուկրաինայի համար» (WarmthForUkraine) համաշխարհային արշավի մի մասն է, որը գործարկել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան և որի նպատակն է միջոցներ հայթայթել տուժած համայնքներին աջակցելու համար։ Գեներատորների գնման համար նախատեսված միջոցների զգալի մասը Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հայթայթել է անմիջապես Հայաստանի քաղաքացիներից։

Բացի դրանից, նվիրատվություններ են կատարել «Ուկրաինական ֆորում» ՀԿ-ն (ղեկավար՝ Ելենա Շևչուկ), Ուկրաինայի Կրթական և գիտական ​​ինստիտուտի (տնօրեն և պատվավոր հյուպատոս Ս. Գուդրատյան) երևանյան մասնաճյուղը, Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Ս. Սահակյանը, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագետներ։

«Ուկրաինայի դեսպանատունն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը և բոլոր նրանց, ովքեր միացել են այդ կարևոր նախաձեռնությանը՝ նշելով, որ այդ օգնությունը կաջակցի ամենախոցելի համայնքներին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի շարունակվող հարձակումների պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։