Ադրբեջանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի ղարաբաղյան հակամարտության գոտում հաշտության խախտման յուրաքանչյուր դեպքի համար: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի քարտուղար Մասիս Մայիլյանը` հանդես գալով ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում:

Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն ղեկավարվում է հաշտություն ադրբեջանական պայմաններով կամ պատերազմ մոտեցմամբ, եւ առաջարկում է վարել դիպուկահարների պատերազմ:

Հիշեցնելով, որ միջազգային հանրությունը կոչ է անում դիպուկահարներին հետ քաշել շփման գոտուց, Մասիս Մայիլյանը նշել է, որ Ադրբեջանը մերժում է այդ կոչերը եւ դրսեւորում է ագրեսիվ քաղաքականություն: «Խախտումները շարունակվում են, ինչը հանգեցնում է մարդկային կորուստներին»,-նշել է Մայիլյանը` շեշտելով, որ Ադրբեջանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի յուրաքանչյուր զոհի համար, հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի համար: