Լեռնային Ղարաբաղը պետք է հաղթահարի «փոքր պետության»  բարդույթը: Նման կարծիք է հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` ելույթ ունենալով փետրվարի 17-ին, Ստեփանակերտում անցկացվող Միջազգային կոնֆերանսում, որը նվիրված է ԼՂՀ-ի հռչակման 20-ամյակին:

Բարդույթի հաղթահարմանը նպաստող եւ իրականությունը փոխող միջոցների շարքում փորձագետն առանձնացրել է ԼՂՀ-ում երկպալատ խորհրդարանի ստեղծման գաղափարը, ընդ որում` երկրորդ պալատը ներկայացվելու է սփյուռքի կողմից: Գոյություն ունեցող իրավիճակը շտկելու հաջորդ միջոցը փախստականների հարցը քննարկելուց չվախենալն է: Ըստ փորձագետի` Ադրբեջանին հաջողվել է ադրբեջանցի փախստականների հարցը դարձնել մարդասիրական խնդիրներից համար մեկը, եւ այդ խնդիրը Եվրոպային հասկանալի է:

Այդ համատեքստում փորձագետը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան կողմը չպետք է խուսափի այդ հարցի քննարկումից, քանի որ, այո, կան ադրբեջանական պատկանելության որոշ մարդիկ, որոնց իրավունքները խախտվել են:  Սակայն դրա հետ մեկտեղ պետք է հիշել, որ ԼՂԻՄ-ի ադրբեջանական ղեկավարության վարած քաղաքականությունը  նպաստել է հայերի հեռացմանը Լեռնային Ղարաբաղից, եւ ըստ մի շարք տվյալների, ԼՂ-ն այդպիսով կորցրել է շուրջ 300 հազար հայ:

Այս կապակցությամբ փորձագետը կարծիք է հայտնել, որ ԼՂ-ի իշխանությունները կարող են համաձայնել փախստականների վերադարձին, սակայն երկու պայմանների դեպքում` նրանց կամավոր վերադարձի երաշխիքի եւ հարցը քաղաքական շահարկումների առարկա չդարձնելու: «Քանի որ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը բացառում է նման երաշխիքներ, կարելի է սպասել Եվրոպայում ադրբեջանական փախստականների ճամբարների հայտնվելուն», - կարծում է փորձագետը: