Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի այցելելու Մաշտոցի պուրակում գտնվող ակտիվիստներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:Նա նշեց, որ օրեր առաջ քաղաքապետը նրանց ընդունել է, լսել, ճշգրտումներ արել: «Իրենց վարքագիծը կարող ենք որակել որպես շանտաժ»,- ասաց Արթուր Գեւորգյանը` հավելելով, որ իրենց պահանջները լրիվ ամբողջությամբ բավարարվել են, արդեն ներկայացրել են կայացրած որոշման բոլոր իրավական հիմքերը:
Նշենք, որ Մաշտոցի պուրակում հավաքված բնապահպանական ակտիվիստները պահանջում են, որ իրենց այցելի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մենք շարունակելու ենք մնալ այստեղ, սակայն մեր բոլոր գործողությունները լինելու են բացառապես խաղաղ»,- հայտարարել էր ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Ի դեպ, շինհրապարակում կրպակների տեղադրման աշխատանքները ներկայում դադարեցված են, եւ ոստիկանները եւս դուրս են եկել շինհրապարակից, սակայն շարունակում են մնալ այգում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ի առավոտյան, Մաշտոցի պուրակում մի քանի տասնյակ ոստիկաններ են հավաքվել` ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ եւ նրանց օժանդակությամբ բանվորները փորձել են սկսել շինարարությունը: Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին եւ պահանջել 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը:
Ոստիկանները նշում են, որ իրենք վստահ են, որ այգում շինարարություն իրականացնելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը հիմնավոր է, ու քանի որ, ըստ ոստիկանների, ակցիայի մասնակիցների թիվն անցնում է 100-ից, դա ենթադրում է, որ ակցիայի կազմակերպիչները պետք է քաղաքապետարանից գրավոր թույլտվություն ունենան` ակցիա իրականացնելու համար:
Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին նշում են, որ իրենք արդեն մի քանի օր է այգում ակցիա են իրականացնում եւ թույլ չեն տալու, որ անօրինական շինարարություն իրականացվի Մաշտոցի պուրակում:
Հիշեցնենք, որ այս խնդրով «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունները եւ բնապահպանական ակտիվիստները 2 օր առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:




























