Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` փետրվարի 17-ին, վերլուծության են ենթարկել Հայաստանի ընթացիկ սեյսմիկ ռեժիմը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ԱԻՆ Սեյմիկ պաշտպանության ազգային ծառայության, ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի ու գիտական ինստիտուտների մասնագետներ։
Նախարար Արմեն Երիցյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, կարեւորել է նման հանդիպումների կազմակերպումը, քանի որ դրանք տարբեր կառույցներում աշխատող գիտնականներին հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել եւ իրենց կարծիքը հայտնել սեյսմիկ հիմնախնդիրների վերաբերյալ։
«Հայաստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում։ Փետրվարի 7-13-ը տեղի է ունեցել երեք թույլ երկրաշարժ, եւ նման ակտիվացումը հիմք հանդիսացավ միասնական ուժերով քննարկելու Հայաստանի ընթացիկ սեյսմիկ ռեժիմը», - ավելացրել է նախարար Երիցյանը։
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետները հանդես են եկել «ՀՀ եւ հարակից տարածքների սեյսմիկ ռեժիմը եւ ընթացիկ սեյսմիկ վտանգի մակարդակը» զեկույցով, որում ներկայացվել են Հայաստանի խզվածքային գոտիները, դրանց ակտիվության եւ հարաբերական պասիվության փուլերը, կրկնելիության ժամկետները։ Ըստ ՍՊԱԾ-ի մասնագետների` այսօր չկան զգալի անոմալիաներ, որոնք կարող են խոսել նախապատրաստվող ուժեղ երկրաշարժի մասին։
Փետրվարի 16-ի կառավարության նիստում նախարար Երիցյանն առաջարկել էր վերագործարկել Գառնիի դիտարանը, որտեղ գտնվում է 1988 թ. երկրաշարժը ֆիքսած դեֆորմոգրաֆ սարքավորումը։ Քննարկման մասնակիցները եւս կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է արդիականացնել եւ վերագործարկել այդ սարքավորումը։
Նշենք, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարական է տվել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ մշակել համապատասխան որոշման նախագիծ:




























