Այս պահին առկա տվյալներով, վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորներից մոտ 40-ը հայազգի են, որոնցից հինգը Հայաստանի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, որն իր կայքում արդեն տեղադրել է «Կասպիական ավիաուղիներ» ընկերության կայքում տեղադրված վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների ցանկը:

Ըստ ԱԳՆ-ի, արդեն դեպքի վայր են մեկնել Թեհրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, վաղը Երեւանից Ղազվին կժամանի Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Նշենք, որ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, հայազգի զոհերի թիվը 35 է, որոնցից ՀՀ քաղաքացի են 6-ը: Մինչդեռ, դրանից առաջ, Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթից News.am-ին հայտնել էին, որ հայազգի զոհերի թիվը 40 է:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են, որոնք հիմնականում եղել են Հայաստանի քաղաքացիներ: Օդանավում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ: