Ես չեմ ուզում որակումներ տալ և դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդիվ վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված և  կարող եք, օրինակ, մեջբերել վարչապետի հրապարակումը։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը մետրոյում բղավում էր արցախցի կնոջ վրա՝ վերջինիս երեխայի ներկայությամբ, արդյոք այդտեղ երեխայի իրավունքների խախտում չկա։

Ճշտող հարցին՝ դուք ի՞նչ կանեիք, եթե այդ միջադեպից հետո վարչապետը ներողություն խնդրեր, ինչպես խնդրել է այդ կնոջից, արդյոք կներեի՞ք, Գալյանը պատասխանեց. «Ես կմտածեի ինչ անել և նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթի մասին, որը տեղի է ունեցել, և գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավել որևէ բան չեմ կարող ասել։

Դիտարկմանը, որ երեխան վախվորած կպել էր մորը և ներողությունը ոչինչ չի փոխում այդ առումով, նախարարն ասաց. «Շատ լավ, պաշտպանության մեխանիզմներն նախատեսված են»։

Հիշեցնենք, որ կիրակի օրը մետրոյի գնացքում Նիկոլ Փաշինյանը գորգռաց և մատ թափ տվեց 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

«2023 թվականին դուք ասում էիք, որ ես հատուկ փակել եմ սահմանները, որ արցախցիները չգան, հիմա եկել եք այստեղ՝ ասում եք վերադառնանք։ Բա մենք ՀՀ-ի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Այս քարտեզի մասին նման քամահրանքով չխոսել»,-գոռալով հայտարարում էր Փաշինյանը՝ ցույց տալով ՀՀ քարտեզով կրծքանշանը։

Կինը պահանջեց. «Այդպիսի բարձր ձայնով իմ հետ չխոսեք»։

«Կխոսեմ, փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,-շարունակեց Փաշինյանը։