Թաիլանդում շարունակվում է չհաջողված ահաբեկչության հետաքննությունը, որի նպատակը, ենթադրվում է, եղել է Իսրայելի դեսպանը: Բանգկոկի ոստիկանությունը հայտարարել է երկու մարդու հետախուզման մասին, որոնք կասկածվում են ահաբեկչության կազմակերպման մեջ:

Բանգկոկի ոստիկանապետը հայտնել է, որ հետախուզվողներից մեկը`Իրանի 52-ամյա քաղաքացի Նիքահֆարդ Ջավադը, պայթուցիկ նյութերի ոլորտի հրահանգիչ է: Երկրորդը հետախուզվում է այն բանի համար, որ ահաբեկիչների համար բնակարան էր վարձել:

«Bangkok Post» թերթը գրում է, որ նախկինում Իրանի 3 ձերբակալված քաղաքացիներն էլ պայթյունից առաջ վերջին ժամերն անցկացրել են տեղական մարմնավաճառների ընկերակցությամբ:

Թաիլանդական հանրահայտ հանգստյան գոտի Փաթայայի բնակչուհի Նանը եւ նրա երկու ընկերուհիներն ահաբեկչությունից առաջ մի քանի օրերի ընթացքում  ծառայություններ են մատուցել Մուհամադ Հազայիին, Սաիդ Մորադիին եւ Մասուդ  Սեդագաձադեին: Թաիլանդական իշխանությունների տրամադրության տակ են հայտնվել բջջային հեռախոսի նկարներ, որտեղ Հազային, Մորադին եւ Սեդագաձադեն մարմնավաճառների ընկերակցությամբ ժամանակ են անցկացնում Փաթայայի բարերից մեկում:

Նանը ոստիկանությանը պատմել է, որ 6 օրում Հազայիի մոտ նա կասկածելի ոչինչ չի նկատել, բացի մի բանից` իրանցին արգելել է իրեն մոտենալ պահարանին, գրում է   «Նովի ռեգիոնը»:

Փետրվարի 14-ին Բանգկոկի բնակելի շենքերից մեկում, որտեղ ապրել են իրանցիները, պայթյուն է տեղի ունեցել, որից հետո երեքն էլ տնից դուրս են փախել: Նրանք փորձել են տաքսի նստել, սակայն վարորդը հրաժարվել է տանել ուղեւորներին: Այդ պահին հայտնվել են ոստիկանները: Մորադին առաջին ռումբը նետել է տաքսու վարորդի ուղղությամբ,  իսկ երկրորդը` ոստիկանների, սակայն ռումբը պայթել է իրանցու մոտ` կտրելով նրա ոտքերը: Տուժել են նաեւ 4 թաիլանդացիներ:

Հազային եւ Սեդագաձադեն անհետացել են դեպքի վայրից: Որոշ ժամանակ անց թաիլանդական ներգաղթային ոստիկանությունը ձերբակալել է Հազայիին Մալազիա թռչող ինքնաթիռ նստելիս: Սեդագաձադեն ձերբակալվել էր Մալազիայում` Իրան թռչելու փորձի ժամանակ: