Սեռական բնույթի տեսանյութեր չտարածելու պայմանով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքով նախորդ տարվա ապրիլին նախաձեռնված քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են Երևանի քրեական դատարան: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործի նյութերի համաձայն՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանցից մեկը կին է՝ Ի. Հ-ն, մյուսը տղամարդ՝ Ռ. Մ-ն:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ի. Հ-ն, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ուրիշի գույքն իրենը դարձնելու դիտավորությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ռ. Մ-ի հետ՝ արական սեռի ներկայացուցիչների հետ սեռական հարաբերություն ունենալու, դրա ընթացքը տեսանկարահանելու և հետագայում տեսագրությունները չհրապարակելու դիմաց գումար պահանջելու եղանակով հափշտակություն կատարելու վերաբերյալ։
Համաձայն վարույթի նյութերի՝ այդ նպատակով 2025 թվականի ապրիլի սկզբին Ի. Հ-ն, ներկայանալով այլ կնոջ կեղծանունով, ծանոթացել է Վ. Է-ի հետ և Երևան քաղաքի Կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում վերջինիս հետ ունեցել է սեռական հարաբերություն, որի ընթացքը Վ. Է-ից գաղտնի տեսանկարահանել է իր բջջային հեռախոսով և տեսագրությունն ուղարկել Ռ. Մ-ին: Հաջորդ օրը Ռ. Մ-ն այցելել է Վ. Է-ի բնակարան, որտեղ, ներկայանալով որպես «Ինտերպոլի» աշխատակից, Վ. Է-ին տեղեկացրել է Ի. Հ-ի հետ տեղի ունեցած սեռական հարաբերության և վերջինիս կողմից այն տեսանկարահանելու մասին: Վ. Է-ի պատիվն ու արժանապատվությունը արատավորող և վերջինիս համար անցանկալի տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես՝ Ի. Հ-ի և Վ. Է-ի միջև տեղի ունեցած սեռական հարաբերության տեսագրությունները հրապարակելու սպառնալիքով, ներկայացրել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 30.000 ԱՄՆ դոլար գումար իրեն հանձնելու վերաբերյալ գույքային պահանջ:
Ըստ գործի նյութերի՝ Ի. Հ-ն իր ցուցմունքում նշել է, որ Ռ. Մ-ն իրեն ասել է, թե պետք է ազգությամբ թուրք տարբեր անձանց հետ սեռական հարաբերություններ ունենա և այդ տեսագրություններն իրեն ուղարկի՝ հավանաբար հետագայում նույնաբնույթ այլ հանցանքներ կատարելու համար:
Այս հանգամանքը մեղադրանքի կողմը ներկայացրել է որպես նոր հանցանք կատարելու հավանականության առկայություն, ինչը, սակայն, դատարանի կողմից գնահատվել է նվազ, քանի որ մեղադրյալը նշել է կոնկրետ անձանց շրջանակ, այլ ոչ թե բոլորին, ինչն իր հերթին նվազեցնում է նոր հանցանք կատարելու հավանականությունը։
2025 թվականի հունիսին զույգին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար, և որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որը հետագայում փոխարինվել է վարչական հսկողությամբ, գրավով և բացակայելու արգելքով:




























