Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը որպես իրավական փաստաթուղթ բավական առաջադիմական ակտ է եւ իր սահմանադրաիրավական լուծումներում նույնիսկ մի փոքր քայլ առաջ է, քան Հայաստանի Սահմանադրությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են կիրառվում Ղարաբաղում 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրության դրույթները:
«Խնդիրը թե Հայաստանում, թե Ղարաբաղում ոչ թե Սահմանադրության լավ կամ վատ լինելն է, այլ թե որքանով են այդ սահմանադրական արժեքներն արմատավորված իրական կյանքում: Իսկ դրանց արմատավորումը կախված է նաեւ այդ իրավական կյանքի որոշակի առանձնահատկություններից»,- նշեց Հայաստանի ՍԴ նախագահը՝ հավելելով. «Վերջին հաշվով Ղարաբաղն այսօր գտնվում է մի այնպիսի իրավիճակում, որ զինադադար է, բայց պատերազմն ավարտված չէ, եւ բնականաբար Սահմանադրությունն իր ամբողջ ներքին հումանիստական եւ մարդասիրական պոտենցիալով գործադրելը բնական որոշակի դժվարություններ է հանդիպում: Բայց հուրախություն մեզ տեսնում ենք, ո Սահմանադրությունը չի մնացել որպես թուղթ, այլ գործում է որպես սահմանադրություն»:
Ըստ Գագիկ Հարությունյանի, Լեռնային Ղարաբաղում սահմանադրական մտածողությունը ձեւավորվում է, մշակույթը կայանում է: «Ժամանակը բավական կարճ է մեծ գնահատական տալու համար, բայց միտումներն այդպիսին են եւ ուրախալի: Ես հանդիպում եմ ոչ միայն մասնագետների եւ պաշտոնյաների, այլեւ համալսարանի ուսանողների, աշակերտների հետ եւ տեսնում եմ վերաբերմունքը մադկանց օրենքի, իրավունքի նկատմամբ եւ դա հուսադրող է: Ղարաբաղը կարող է դառնալ իրավական պետության շատ գեղեցիկ մոդել: Եւ դրանով իսկ նա աշխարհի համար շատ ընկալելի եւ հասկանալի կլինի, իսկ մեր ջանքերը պետք է ուղղվեն դրան»,- ամփոփեց Հայաստանի ՍԴ նախագահը:




























