Ազգային ժողովն այսօր՝ մարտի 25–ին, 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը՝ ձայների 68 կողմ, 1 դեմ, 26 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Արուսյակ Մանավազյանը:

Մերի Գալստյանի տեղեկացմամբ օրենքի նախագծով  սահմանվում են ՀՀ տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները: Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը, նրանց ստերջացմանն ու որդեգրմանը:

Մասնավորապես, նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-3  կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաեւ  ժամանակավոր պահման եւ կերակրման հանձնված կենդանիները:

«Քննարկման առարկա էր դարձել, որ նախագծով կենդանիների քնեցման հիմքերը կարող են չարաշահվել, մենք ավելացրել ենք կետերից մեկում «անբուժելի» բառը։ Օրենքի նախագծի այն կետերում, որտեղ թույլատրվում էր քնեցնել վարակիչ հիվանդություն ունեցող կենդանիներին՝ առողջապահական կամ այլ նկատառումներից, վտանգի նկատառումներից ելնելով, ավելացրել են ք «անբուժելի վարակիչ հիվանդությունների» ձևակերպումը, հավելյալ պաշտպանություն ենք ավելացրել՝ կենդանիների քնեցումը թույլ չտալու նպատակով»,- նշել էր Գալստյանը: