Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի կողմից Իրանի ողջ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասը՝ դա անվանելով ակնհայտ ռազմական հանցագործություն, որի զոհն են դառնում անպաշտպան խաղաղ բնակիչները, հայտնում է Tasnim-ը։

Քուլիվանդը հայտարարել է, որ ռազմական արշավի սկզբից ի վեր ավելի քան 85,176 քաղաքացիական օբյեկտի հասցվել է ուղղակի կամ անուղղակի վնաս, ընդ որում՝ դրանցից և ոչ մեկը ռազմական նշանակություն չի ունեցել։

«Այս ընդհանուր թվից տուժել է մոտավորապես 64,583 բնակելի և 19,694 առևտրային օբյեկտ, որոնք բոլորն էլ իրենց բնույթով լիովին քաղաքացիական են եղել», — ասել է նա։

Քուլիվանդը հավելել է, որ վնասված օբյեկտներից 26,717-ը գտնվում են Թեհրանում, որը կրել է հարձակումների հիմնական հարվածը։ Այս դաժան արշավի ընթացքում հարվածներ են հասցվել 282 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցների, կլինիկաների, դեղատների և առողջության կենտրոնների, որոնցից մի քանիսը, օրինակ՝ «Մոթահարի» հիվանդանոցը, ամբողջությամբ դուրս են եկել շարքից։

Բացի այդ, վնասվել է 600 դպրոց, որոնցից ամենից շատ տուժել է Իրանի հարավում գտնվող Մինաբ դպրոցը: Հարձակման են ենթարկվել նաև Կարմիր մահիկի 17 բաժանմունքներ և բազաներ, այդ թվում՝ Թեհրան-Ղոմ մայրուղու անցակետը: Չնայած անձնակազմի շրջանում առկա վիրավորումներին՝ վթարափրկարարական ծառայություններն անմիջապես շարունակել են շարժական ստորաբաժանումների օգնությամբ իրականացվող աշխատանքը:

Քուլիվանդն ուշադրություն է հրավիրել արտակարգ օգնության սարքավորումների ոչնչացման վրա՝ նշելով, որ ամբողջությամբ կործանվել է ԱԻՆ երեք ուղղաթիռ, ինչպես նաև 48 փրկարարական և 46 շտապօգնության մեքենա: Երկրի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Թեհրանում թիրախավորվել են նաև օդանավակայաններ, ուղևորատար ինքնաթիռներ և վառելիքի պահեստներ: Նա հայտնել է, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել է մինչև հինգ տարեկան 66 երեխա, իսկ իրենց տներում գտնվող մոտ 3000 կին ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Բազմաթիվ բնակելի թաղամասեր հիմնահատակ ավերվել են:

Նա հավելել է, որ միայն Թեհրանում փլատակների տակից ողջ է դուրս բերվել և բժշկական կենտրոններ տեղափոխվել ավելի քան 680 մարդ: Որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն գտնվել բոլոր զոհվածների մարմինները, և օգնության ուժերը չեն լքի տարածքը, մինչև աշխատանքների ամբողջական ավարտը, հայտարարել է նա: