Ստեփանակերտում փետրվարի 18-ին ավարտվել է «ԼՂՀ անկախության 20-ամյակ. Իրողություններ եւ հեռանկարներ» երկօրյա միջազգային կոնֆերանսը` նվիրված ԼՂՀ-ի հռչակման 20-ամյակին:
Միջազգային կոնֆերանսի արդյունքներն ամփոփելով` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ կոնֆերանսն անցել է ջերմ կառուցողական մթնոլորտում: Ղուլյանը շնորհակալական խոսքով դիմել է մասնակիցներին եւ կազմակերպիչներին` առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով օտարերկրյա փորձագետներին. «Չնայած այն բանին, որ ներկայացվել են տարբեր դպրոցների եւ ուղղությունների տեսակետներ, ամեն ինչ հիանալի անցավ: Կոնֆերանսի ընթացքում հաջողվեց տալ ԼՂՀ անկախության 20 տարվա առաջին գնահատականը, ինչպես նաեւ հնչեցին լավատեսական կարծիքներ հետագա տասնամյակների համար»:
Նշենք, որ կոնֆերանսի մասնակիցները կայցելեն Գանձասարի վանքը եւ հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումների վայր:
Հիշեցնենք, որ համաժողովին մասնակցել են ոչ միայն պատգամավորներ, քաղաքագետներ ԼՂ-ից եւ Հայաստանից, այլեւ Ռուսաստանի, ԳԴՀ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Հոլանդիայի փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսին ելույթ են ունեցել նաեւ հայտնի հայ քաղաքագետներ եւ փորձագետներ: Միջոցառման պաշտոնական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նստաշրջանից հետո աշխատանքը շարունակվել է երեք մասով. «ԼՂՀ-ի անկախության իրավական հիմունքները», «ԼՂՀ-ի տեղն ու դերը միջազգային գործընթացներում», «Ղարաբաղյան խնդիրը` որպես համազգային նշանակության խնդիր»:
Միջազգային կոնֆերանսի կազմակերպիչն էր անկախության հռչակման 20-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպման ԼՂՀ-ի պետական հանձնաժողովը` Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի, Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի մասնակցությամբ եւ NEWS.am տեղեկատվական-վերլուծական ընկերության համագործակցությամբ:




























