ՕԵԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահին ներկայացրած իր դիմումը հետ է պահանջել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Գագիկ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ սկզբում ցանկանում էր կուսակցությունից հանգիստ հեռանալ, բայց, քանի որ ՕԵԿ-ն իր հետեւից «ամբախ-զամբախ» բաներ է խոսել, փորձելով փնովել իրեն, ինքն էլ որոշել է իրեն պաշտպանելու համար վայր չդնել մանդատը:
Հարցին, թե ՕԵԿ-ից իրեն չե՞ն դիմել մանդատից հրաժարվելու պահանջով, նախկին ՕԵԿ-ականը պատասխանեց. «Բացարձակ, ոչ մի արձագանք չի եղել: Ես, որեւէ մեկի հետ կապ չունեմ: Ի՞նչ երեսով պետք է զանգեն ինձ բան ասեն, երբ ես ճիշտ եմ, իմ ասածները ազնիվ եւ արդար են: Հեղինե Բիշարյանը ինձ մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու մեջ: Դա նույնն է, որ փղին մեղադրեն թռչելու մեջ: Ասեն. «Մենք քեզ թռչելիս ենք տեսել, ինչու էիր թռչում փիղ ջան»:
Նա նաեւ նշեց, որ, որեւէ կուսակցության անդամագրվելու ցանկություն չունի, քանի որ «էս մեկից հեռանալով մեծ թեթեւություն է զգում»: Բայց տեսնելով խորհրդարանական ընդդիմության ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» աշխատանքը, Բաղդասարյանն ինչով հնարավոր է կօգնի նրանց, որպեսզի գալիք խորհրդարանում ունենան իրենց արժանապատիվ տեղը:




























